Համբարձման տոն

Rembrandt_van_Rijn_192.jpg (3274×4500)

Համբարձում, նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի։ Թե՛ տոնի անունը, թե՛ նշելու օրը եկեղեցական օրացույցով բացատրվում է Ավետարանի այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա համբառնում։ Հայաստանի ժողովրդական կենցաղում կարևոր դեր խաղացող գարնանային վերջին տոնը, փաստորեն կատարման ժամանակով համապատասխանեցվեց քրիստոնեական տոնացույցի Քրիստոսի Համբարձման տոնին։Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի, խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։